Իտալացի դերասան եւ երգիչ Ադրիանո Չելենտանոն երկարատեւ դադարից հետո որոշել է բեմ վերադառնալ: Նա ելույթ չի ունեցել շուրջ 10 տարի: Չելենտանոն հոկտեմբերի 8-ին դուրս կգա Վերոնայի «Արենայի» բեմ: Այն ավելի շատ հայտնի է որպես դասական օպերային փառատոնի հրապարակ:  

Չելենտանոն 2 համերգ կտա` հոկտեմբերի 8-ին եւ 9-ին, հաղորդում է «vesti.ru»-ն: Ելույթի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում: Երգչի կինը` դերասանուհի Կլաուդիա Մորին, որը նրա պրոդյուսերն է, պատմել է միայն, որ հյուրերի շարքոմ լինելու է Չելենտանոյի ընկեր Ջանի Մորանդին, որը նրա հետ զուգերգ կերգի: 

Չելենտանոյի 2011 թվականի վերջի ձայնասկավառակը բազմաթիվ երգեր էր ներառում` նվիրված ժամանակակից աշխարհի խնդիրներին: Սան Ռեմոյում երգիչը սուր քննադատություն էր հնչեցրել քաղաքական գործիչների եւ եկեղեցու դեմ, ինչը դատապարտվել էր: Այդ պատճառով էլ Վերոնայից համերգների ուղիղ հեռարձակման աննախադեպ իրավունքը տրված է պետական  ՌԱԻ հեռուստատեսությանը:

«Արենան» նախատեսված է 12 հազար տեղի համար, եւ բոլոր տոմսերը վաղուց վաճառված են: Նախնական գինը կազմել է 1 եվրո, իսկ վերավաճառողների մոտ տոմսի գինը գերազանցել է 1000 եվրոն: Մորին խոստացել է, որ 1957 թվականից ելույթ ունեցող եւ 41 ձայնասկավառակ թողարկած Չելենտանոն չի հիասթափեցնի երկրպագուներին եւ կնվիրի տարբեր եւ անմոռանալի 2 շոուներ: