Հոկտեմբերի 13-ին ամբողջ աշխարհում կնշվի Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը, եւ այդ կապակցությամբ, Հայաստանի ԱԻ նախարարությունում, ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Հ. Մաթեւոսյանը զեկուցել է ակադեմիայում կազմակերպվող միջոցառման մասին:
Այն այս տարի կունենա գենդերային ուղղվածություն` կմասնակցեն միայն աղջիկ ուսանողները, որպեսզի ընդգծվի կանանց դերն ու կարեւորությունը աղետների ռիսկի նվազեցման գործում։
Տեղական ու միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել միջազգային օրը միամսյակի վերածելու ուղղությամբ, որովհետեւ մեծ է բարի կամքն ու շատ են կազմակերպվող միջոցառումները:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանը զեկուցել է հոկտեմբերի 1-4-ը Խորվաթիայում տեղի ունեցած՝ Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպական ֆորումի երրորդ հավաքի արդյունքների մասին: 27 եվրոպական երկրների փորձագետներ հավաքվել էին Խորվաթիայում` մասնակցելու 3 օր տեւող քննարկումներին` Աղետների ռիսկի նվազեցման աշխարհի առաջին գլոբալ համաձայնագրի` 2005-2015 թթ. Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակներում, որն ունի «Կառուցելով աղետակայուն պետություններ եւ համայնքներ» խորագիրը եւ ավարտվում է 2015 թվականին։





























