Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Հայրենիքին, Եկեղեցուն եւ ժողովրդին մատուցած ծառայությունների եւ վաստակի համար  Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Սաբիր Ստեփանյանին եւ Մանուկ Վարդանյանին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե արարողության ընթացքում մեծարյալների կյանքին եւ ազգօգուտ գործունեությանն անդրադարձան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ընդերքի տրամադրման գործակալության պետ Կորյուն Հակոբյանը եւ դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը:

Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Մայր Աթոռի միաբաններ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Տ. Մուշեղ եպիկոպոս Բաբայանը:

Վեհափառ Հայրապետը պատվո շքանշանները հանձնեց Սաբիր Ստեփանյանին ու Վարդան Մանուկյանին, ովքեր, իրենց հերթին, խորին շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը հայրապետական բարձր գնահատանքի համար:

Հանդիսությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, վերստին շնորհավորելով շքանշանակիրներին, անդրադարձավ նրանց նվիրյալ ու ազգօգուտ գործունեությանը եւ մաղթեց, որ Բարին Աստված Իր հանապազ օրհնության ներքո միշտ քաջառողջ ու երջանիկ պահի նրանց` առաջնորդելով եկեղեցաշեն ու հայրենանվեր նորանոր իրագործումների: