Լեռնային Ղարաբաղում կարճվել է «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանի դեմ հարուցված քրգործը:

«Այսօր, հոկտեմբերի 9-ին, ես միջնորդություն եմ ներկայացրել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` միջնորդելով կարճել գործի վարույթը եւ դադարեցնել իմ դեմ քրեական հետապնդումը: Դատարանը բավարարել է իմ միջնորդությունը` կարճելով գործի վարույթը եւ դադարեցնելով իմ դեմ քրեական հետապնդումը»,- նշել է Խանումյանը:

Նա շնորհակալություն է  հայտնել իր փաստաբան Հայկ Ալումյանին, ԼՂՀ եւ ՀՀ այն բոլոր կազմակերպություններին եւ անձանց, ովքեր հրապարակայնորեն, բարոյապես եւ ֆինանսապես սատարել են իրեն: «Մասնավորապես` իմ պաշտպանության համար Արցախում ստեղծված հասարակական կոմիտեին, իմ պաշտպանությամբ հանդես եկած հայաստանյան լրագրողական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության, համալսարանական եւ քաղաքական շրջանակների իմ բոլոր գործընկերներին, նախկին ուսանողներիս, ընկերներիս եւ բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեն եղել գործի նկատմամբ:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում կնոջս` Դիանա Մովսիսյանին, ով մեծ քաջություն եւ կամք դրսեւորեց այս ամբողջ ընթացքում: Ամուսնական կյանքը մենք սկսում ենք դատական գործընթացի մեջ ներգրավված, եւ միգուցե սա էլ խորհրդանշական երեւույթ է»,- նշել է նա: