Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը։
Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» իրականացման նկատմամբ մշտադիտարկման նախնական հաշվետվությունը:
Փաստաթղթում արձանագրվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում էական առաջընթաց է գրանցվել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ. ստեղծվել է արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, իրականացվել են համապարփակ ու նպատակային միջոցառումներ եւ գործողություններ` հատկապես կանխարգելման եւ իրազեկության բարձրացման ոլորտում, բարելավվել է միջգերատեսչական համագործակցությունը եւ համապատասխան ազգային օրենսդրությունը, բարելավվել է քրեական հետապնդման համակարգը, ակտիվ համագործակցություն է իրականացվել ոլորտում աշխատող միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ: Աշխատանքներն առավել բարելավելու նպատակով հեղինակները նաեւ առաջարկություններ են ներկայացրել` հետագա ծրագրերում ներառելու համար:
Հաշվետվության մեջ բարձրացված խնդիրների, մասնավորապես, տվյալների միասնական հավաքագրման, պահպանման եւ վերլուծության հետ կապված փոխվարչապետը խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբին առաջարկեց քննարկել հարցը եւ դրա լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Նիստի ընթացքում խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը տեղեկություններ ներկայացրեց ԱՄՆ պետքարտուղարության եւ Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) կողմից արված առաջարկների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Նշվեց, որ ԱՄՆ պետքարտուղարության եւ GRETA -ի առաջարկներն արդեն փոխանցվել են շահագրգիռ բոլոր գերատեսչություններին` ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ կարծիքներ ներկայացնելու համար: Որոշ առաջարկներ արդեն իսկ ներառվել են «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» նախագծում, մյուս մասն ուսումնասիրվում է թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգի վերանայման շրջանակում:
Փոխվարչապետը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ոստիկանության ներկայացուցիչներին հանձնարարեց քննարկել եւ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել GRETA –ի կողմից արված` զոհերի նույնացման եռափուլ համակարգի վերանայման հարցի հետ կապված:
Վ. Կաժոյանը տեղեկություններ ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» նախագծի մշակման ընթացքի մասին: Նշվեց, որ նախագիծն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին: Առաջարկություններն ու դիտողություններն ակնկալվում է ստանալ մինչեւ հոկտեմբերի վերջը, որից հետո նախագծի եւս մեկ քննարկում կկազմակերպվի: Նոր ծրագիրը մշակելիս հաշվի կառնվեն ինչպես շահագրգիռ գերատեսչություններից եւ ՀԿ-ներից ստացված, այնպես էլ GRETA-ի եւ ԱՄՆ պետքարտուղարության առաջարկները:
Վ. Կաժոյանն անդրադարձավ նաեւ «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» իրականացմանը` նշելով, որ հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, որոշ ուղղությունների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:





























