Արագածոտնի մարզի 12 համայնք ներգրավված է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի» (IFAD) գազիֆիկացման   ընդարձակ ծրագրի մեջ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե դրանցից 3-ում՝ Ուջանում, Կոշում եւ Ալագյազում բոլորովին նոր գազատարեր են անցկացվում: Առ այսօր այս բնակավայրերը գազիֆիկացված չեն եղել, եւ  խնդրի լուծումը  այս համայնքներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է:

Բացի այս, գազիֆիկացում է իրականացվում նաեւ Ապարանի տարածաշրջանի 9 գյուղում՝ Ծաղկաշեն, Հարթավան, Շենավան, Քուչակ, Ափնայ, Վարդենուտ, Արագած, Վարդենիս եւ Արայի համայնքում: Այստեղ  բնակիչներն առ այսօր օգտվել են  բնական գազից, սակայն, համայնքներն ընդարձակվել են, եւ նորակառույց թաղամասերում  եւս անհրաժեշտություն է առաջացել գազատարեր անցկացնել: Բազմաթիվ հանդիպումների ժամանակ մարզպետ Սարգիս Սահակյանին բնակիչների կողմից հենց այս հարցադրումն է արվել, ում աջակցությամբ էլ այս համայնքներն ընդգրկվել են վերոհիշյալ ծրագրի մեջ:

Նախնական գնահատումներով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիարդ 423 միլիոն դրամ: Աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսավորման մի մասը հատկացվել է  ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հրատապ հիմնախնդիրների ծրագրով, համապատասխան համաֆինանսավորմամբ իր մասնակցությունն ունեն  նաեւ մարզպետարանն ու համայնքները:

Գազիֆիկացվող բոլոր համայնքներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Կայացել են համապատասխան մրցույթները, եւ  սկսվել է շինարարական գործընթացը: Ըստ ծրագրով նախատեսված ժամանակացույցի, աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ, եւ դրանով կավելանա բնական գազից օգտվող համայնքների ու բաժանորդների թիվը: