2012 թ. հոկտեմբերի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, թե իրենք պահանջում էին վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության կողմից ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնել որոշում:

Հիշեցնենք, որ 2012 թ. օգոստոսի 17-ին՝ գիշերը 23:30-00:00-ի սահմաններում,  ոստիկանության աշխատակիցները աշխատանքի վայրից բերման են ենթարկել Ն. Ափինյանին, իբր նա ականատես է եղել ինչ-որ ծեծկռտուքի: Նարեկը ցանկացել է իր հեռախոսից զանգահարել, որպեսզի օգտվի փաստաբան ունենալու իրավունքից, եւ փաստաբանը ներկա լինի հարցաքննությանը: Սակայն նրան արգելել են եւ պահանջել, որպեսզի բացատրություն գրի տվյալ միջադեպի վերաբերյալ: Տեղյակ չլինելով միջադեպից` Ն. Ափինյանը հայտնել է, որ տեղեկություններ չունի եւ հրաժարվել է բացատրություն տալ, որից հետո ոստիկանության աշխատակիցները սկսել են հայհոյել եւ հարվածել նրան:

Ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված անօրինական գործողությունները, հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունները, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը տեւել է շուրջ 5 ժամ, որից հետո չդիմանալով ճնշումներին՝ Ն. Ափինյանը բացատրություն է գրել:

Նարեկ Ափինյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշումները շարունակվել են նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո: Այս մասին Նարեկ Ափինյանը գրավոր դիմում է ներկայացրել նախաքննությունն իրականացնող մարմնին, որը նույնպես անտեսվել է դատարանի կողմից:

Չնայած այս ամենին, դատարանը` դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, հերթական անգամ կոծկելով քննիչի անօրինական գործողությունները, նպաստեց դատական իշխանության հեղինակազրկմանը եւ դատարանների նկատմամբ քաղաքացիների անվստահության խորացմանը:

Դատարանի կողմից կայացված որոշումը կազմակերպությունը դեռեւս չի ստացել: Այն կհրապարակվի ստանալուց անմիջապես հետո: