Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Մայիսի 9-ի փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 37-ամյա Նելսոն Ա.-ին եւ 31-ամյա Կիմ Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նելսոն Ա.-ի գրպանից հայտնաբերվել են   ներարկիչներ` բաց դեղնավուն հեղուկով:

Ըստ նրա հայտարարության` հայտնաբերվածը «Դեզոմորֆին» թմրամիջոց է, որը նույն օրը, ժամը 19.30-ին, ձեռք է բերել Մայիսի 9-ի փողոցի թիվ 14 շենքի մոտ, ոմն Վարդգեսից:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վարդգեսը  53-ամյա Վարազդատ Մ.-ն է:

Նշված հասցեում կատարված զննությամբ խորդանոցից հայտնաբերվել են ներարկիչներ` արնանման հետքերով ասեղներով եւ նստվածքով, պլաստմասսե տարաներ` հեղուկներով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վարազդատ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: