Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 11-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյին, ով Երեւան է ժամանել՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին վարչապետը նշել է. «Մենք կարեւորում ենք երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությունը, ինչին արդյունավետորեն նպաստում է նաեւ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ֆորումը»: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ալեքսանդր Դրոզդենկոյի այցը կխթանի Հայաստանի մարզերի հետ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Լենինգրադի նահանգապետը գոհունակություն է հայտնել հատկապես Արագածոտնի մարզի հետ հաստատված երկկողմ համագործակցության մակարդակից եւ տեղեկացրել, որ համատեղ մի շարք ծրագրեր են իրականացվում սոցիալական, կրթական եւ հումանիտար բնագավառներում: Ալեքսանդր Դրոզդենկոն հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկկողմ համագործակցությունը կընդլայնվի, իր մեջ ներառելով նաեւ տնտեսական բնագավառը:
Սյդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում կապերի հաստատմանը, մասնավորապես, Հայաստանից գյուղմթերքների արտահանմանը, ինչպես նաեւ մեր երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում Լենինգրադի շրջանից ներդրումների ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ դեղագործության բնագավառում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանը:





























