Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նրանց պարտադրում է, որ դիմում գրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` մեկնաբանելով Վարդան Ղուկասյանի մերձավորների աշխատանքից ազատվելու դիմումների մասին տարածված տեղեկությունները: «Այսօր, երբ քաղաքապետին ներկայացնում էինք, արդեն մի 5-6 հոգի դիմում գրել էր»,- ասաց նա` հավելելով, թե տեղեկություն չունի` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստրը` Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Մանյա Ղուկասյանը, աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ:
Հարցին, թե հիմա, երբ Սամվել Բալասանյանը ստանձնել է քաղաքապետի լիազորությունները, Գյումրիում կրքերը կհանդարտվե՞ն, նա նշեց. «Չէր ասի, թե Գյումրիում կրքերը հանդարտ չէին, որ հիմա պետք է հանդարտվեն, նորմալ աշխատանքային առօրյա է: Ոչ մի քայլ էլ ոչ մի կողմից չի լինի, չի բացառվում, որ դեպքեր լինեն, բայց դա պետք չի կապել նորընտիր կամ նախկին քաղաքապետի հետ: Այդ ո՞ր մի պաշտոնյա է դուրս գալուց հետո կախվել, կամ ինչ-որ գործողությունների գնացել, բոլորն էլ համակերպվում են, ամեն ինչ հավերժ չի»,- ասաց մարզպետը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել է, թե Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նման «անկումներ» են սպասվում նաեւ նրա ընտանիքի անդամներին: Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում ազատման դիմում կգրի նաեւ նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է:




























