ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ:

Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 27.06.2012թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձանց` ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի երկու պաշտոնատար անձանց, մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը   միջոցներ է ձեռնարկում` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

Այսպես` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում  դատարան ներկայացված 33 հայցերից 28-ը ներկայացվել է ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով, 3 հայց ներկայացվել է` հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա զբաղեցրած տարածքները  «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին   վերադարձնելու, իսկ 2 հայց` հողամասի վարձակալության մասին պայմանագրերը դադարացնելու եւ տարածքն ազգային պարկին վերադարձնելու պահանջով:

Հայցերի քննարկման արդյունքների մասին կտեղեկատվություն կտրամադրվի  լրացուցիչ: