«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այսօր` հոկտեմբերի 13-ին հանդիպել է թիֆիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը: Հանդիպման առիթը հայտնի հայ թարգմանիչ Գիվի Շահնազարի հոբելյարն էր: Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպմանը մասնակցել է մոտ 700 մտավորական, ոչ միայն Թիֆիլիսից, այլեւ Վրաստանի այլ շրջաններից: Հանդիպման ավարտին «Վրացական երազանքի» ղեկավարը ծանոթացել է մասնակիցների հետ, զրուցել նրանց հետ, լսել բարձրացված խնդիրները, որոնք վերաբերում են կրթության, դպրոցների, մշակույթի հարցերին: Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ Իվանիշվլին ջերմ ընդունելության է արժանացրել Վրաստանի հայ եկեղեցու առաջնորդին, պայմանավորվել մոտ ապագայում հանդիպել նրա հետ, որպեսզի խոսեն կոնկրետ խնդիրների շուրջ:
«Հանդիպման ֆորմատը հնարավորություն չտվեց կոնկրետ ծրագրերի մասին խոսելու: Բայց ամսվա վերջին սկսելու է կոնկրետ խորհրդատվություններ հայ համայնքի, հայկական կուսակցությունների, եկեղեցու հետ»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը` շեշտելով, որ «Վրացական երազանքի» առաջնորդի մոտ հետաքրքրություն եւ դրական վերաբերմունք նկատեց հայերի խնդիրների նկատմամբ, ինչպես նաեւ դրանք լուծելու պատրաստակամություն:
Ինչ վերաբերում է Բիձինա Իվանիշվիլու սկանդալային հարցազրույցին եւ դրանից հետո տված բացատրությանը, ապա, նրա խոսքով, դրանք բավարար էին հայ համայնքին, եւ հայ համայնքը հավատում է նրա ներկայացրած մեկնաբանություններին, մասնավորապես` այն, որ հայերի մասին ասվածը այլ կոնտեքստով է ասել: Դրանից բացի, Առնոլ Ստեփանյանի խոսքով. հարցազրույցի ոչ աուդիո, ոչ վիդեո տարբերակը գոյություն չունի:
Անդրադառնալով ձեւավորվելիք կառավարությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, օրինակ` հայերին պաշտոններ տալուն` Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ ոչինչ չի կարելի բացառել, բայց այս հարցում առայժմ հստակություն չկա, ամեն ինչ պարզ կլինի առաջիկայում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «The New Times» ռուսական պարբերականին տված Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցում կար հետեւյալ հատվածը. «Ահա մեզ մոտ, այստեղ, օրինակ բնակվում են հայերը: Նրանց հայրենիքը կողքին է, բայց նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար, հավանաբար, նման հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, եւ երազում տեսնում իմ գյուղը, իմ հողը...»: Դրանից հետո «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է «Նովոյե վրեմյա» թերթին տված իր հարցազրույցը: «Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա ի պատասխան լրագրողի հարցի, ես ընդգծված նշել եմ, որ հիացած եմ հայերի եւ հրեաների շնորհքով, որ նրանք կարող են աշխարհի քաղաքացիներ լինել, նրանք հաջողակ են, որտեղ էլ ապրում են եւ ունեն հզոր սփյուռք: Մենք վրացիներս այնպիսի զարմանալի ժողովուրդ ենք, որ, ցավոք, ոչ մի տեղ չենք կարողացել հիմնավորվել եւ ուժեղ սփյուռք ստեղծել:
Այսպիսին է եղել իմ պատասխանի հիմնական ենթատեքստը: Ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Վրաստանը բազմազգ երկիր է եւ այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հայրենիքն է»,- գրել է Իվանիշվիլին:





























