Թուրքիայի կողմից բռնազվաթված Կիպրոսի թուրքական հատվածում ամերիկյան գումարներով վերանորոգված հայկական վանական համալիրը տեղի իշխանությունները ցանկանում են դարձնել թուրքագիտական ինստիտուտ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Կիպրոսում ԱՄՆ դեսպանատունը խիստ է արձագանքել Կիպրոսի թուրքական հատվածի իշխանությունների այս որոշմանը, քանի որ ըստ պայմանավորվածության, ԱՄՆ-ը գումար է հատկացրել հայկական վանական համալիրի վերանորգման համար, որպեսզի այն ծառայի որպես  մշակույթային կենտրոն։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, թե վանական համալիրն ըստ պայմանավորվածության չօգտագործելու դեպքում ԱՄՆ-ը կդադարեցնի Կիպրոսի թուրքական հատվածին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

Հայկական վանական համալիրը թուրքագիտական ինստիտուտ դարձնելու մասին տեղեկությունը խիստ անհանգստացրել է նաեւ Կիպրոսի հայկական համայնքին։ Երբ Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Դերվիշ Էրօղլուն Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի համաժողովին, նրա առաջ հայկական վանական համալիրի խնդիրը դրել են որպես հրատապ լուծում պահանջող հարց։

Կղզի վերադառնալուց հետո Դերվիշ Էրօղլուն իշխանություններին հանձնարարել է լուծել այդ խնդիրը։ Իր հերթին, Կիպրոսի թուրքական հատվածում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քյոնիգը հանդիպել է Կիպրոսի թուրքական հատվածի վարչապետ Իրսեն Քյուչուքի հետ եւ շեշտել, որ սխալ է վանական համալիրը վերածել թուրքագիտական ինստիտուտի։

Կիպրոսի թուրքական հատվածի մեկ այլ պաշտոնյա եւս տարակուսել է հայկական եկեղեցին թուրքագիտական ինստիտուտի վերածելու նախաձեռնությունից՝ շեշտելով, որ Թուրքիայում հայկական անշարժ գույքը եւ եկեղեցիները հետ են տալիս հայկական համայնքին, իսկ այդ ո՞ր տրամաբանությամբ է Կիպրոսում հայկական համալիրում ստեղծվում թուրքագիտական ինստիտուտ։

Նշենք, որ խոսքը հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը կառուցվել է 8-րդ դարում։ Այն գործել է մինչեւ 1963-ը, սակայն հայերի հեռանալուց հետո այն անտերության էր մատնվել։