Հայաստանում հունական համայնքը գործող եկեղեցի չունի։ Այդ մասին նոյեմբերի 6-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստանում հունական կազմակերպություններ միության» նախագահ Արկադի Խիտարովը։

Նա նշեց, որ հունական համայնքը կրոնական լուրջ խնդիրներ ունի, միակը դա Ախթալայի եկեղեցին է, որն այժմ չի գործում: «Եկեղեցին մինչեւ 1917 թվականը գործել է ու եղել հունական։ Այնուհետեւ այն վերածվել է տարածաշրջանային սրբատեղիի, ամեն տարի սեպտեմբերի 20-ին այստեղ հավաքվել են հույներ, այդ թվում նաեւ հարեւան Վրաստանից։ Իսկ այժմ վերաօծմանը խոչընդոտում է Վրաստանը՝ կապված կրոնադավանական խնդիրների հետ։ Այն հիմնվել է Զաքարյանների օրոք, այժմ վրացական կողմը պնդում է որ եկեղեցին ոչ թե ուղղափառ, այլ քաղկեդոնական է։ Սակայն վերջին 200 տարիներին այն եղել է ուղղափառ»,-ասաց Խիտարովը:

Նա ավելացրեց, որ հունական եկեղեցի կա նաեւ Հրազդանում, Ստեփանավանի Յաղդան գյուղում ու Ալավերդիի մոտ գտնվող Մադան գյուղում։

Հարցին՝ արդյոք Հայաստանում հրատարակվո՞ւմ են հունական թերթեր ու ամսագրեր, նա պատասխանեց, որ նման փորձ եղել է, նույնիսկ լույս է տեսել թերթի մի քանի համար, սակայն շարունակական բնույթ չի ունեցել:

«Հայաստանում հունարեն ռադիոհաղորդումներ չեն հեռարձակվում, այժմ իրականացվում է հունական կայքի ստեղծման աշխատանքներ, որում ընդգրկում ենք հույն երիտասարդությանը։ Նրանք հիմնականում ուսուցման համար մեկնում են պատմական հայրենիք, շատերը, ցավոք, տիրապետելով հունարենին, այլեւս չեն վերադառնում»,-ասաց հույն գործիչը։

Ինչ վերաբերվում է Հայաստանում հունարենի պահպանմանն ու ուսուցմանը, նա նշեց, որ այստեղ բնակվող հույները խոսում են պոնտական դիալեկտով, որը որոշակի դժվարություններ է առաջացնում, քանի որ ուսուցումը կատարվում է նոր հունարենով։