Կասկադի տարածքում կատարվելու են շինաշխատանքներ, սեփականատերերին առաջարկվել է անպայման հաշվի առնել Կասկադի հին նախագիծը: Այս մասին նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

«Կասկադի շենքերի տանիքների հարցով ունենք լուրջ խնդիրներ: Համալիրի  աջ եւ ձախ կողմերում շինարարությունը չի ավարտվել, այդտեղ կիրականացվեն նոր նախագծեր, սակայն կպահպանվի հին նախագիծը»,- ասաց նա:

Խոսելով Աբովյան փողոցում գտնվող «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող կիսակառույց շենքի մասին` գլխավոր ճարտարապետը նշեց, որ նախնական նախագծով այն պետք է ունենար 18 հարկ, ինչը սակայն ընդունելի չէ: Հաշվի առնելով կենտրոնի նոր չափորոշիչները` քաղաքապետարանն առաջարկել է հրաժարվել նման բարձրությամբ շենք կառուցելուց: Նարեկ Սարգսյանն նշեց, որ նախագիծը փոփոխելու նպատակով ներդրողների հետ քննարկումներ են ընթանում: