Գալիք 2013թ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բեկումնային շրջադարձեր չեն լինի: Նման կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը այսօր՝ դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում: «Այդ առիթով կարելի է շատխոսել, բայց շատ քիչ նոր բան կա ասելու», - նշել է քաղաքագետը: Ռիչարդ Կիրակոսյանը միաժամանակ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ դերը կմեծանա, բայց ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարինման, այլ՝ խաղաղ գործընթացին առավել խոր աջակցության պլանում:
Նրա խոսքով, այլ ուղղություններում տարին մարտահրավերներ ունի. Դրանցից է Սիրիայի իրավիճակը, որտեղ իշխանափոխության մեծ հավանականություն կա, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը, նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի քաղաքականության շարունակությունը:
Գալիք տարին բաժանելով ներքին եւ արտաքին քաղաքական բաղադրիչների՝ փորձագետը հիշեցրել է նաեւ այլ բնույթի կատակլիզմների ՝ տարերային աղետների մասին: Ըստ Կիրակոսյանի՝ պետք է պատրաստ լինել անսպասելիին, օրինակ՝ երկրաշարժեր ին: «Մարտահրավերներն առավել դինամիկ են դառնում», - տխուր կանխատեսում է արել քաղաքագետը:
Խոսելով 2012-ի ներքաղաքական արդյունքների մասին՝ փորձագետը հինգ միտում է մատնանշել՝ օլիգարխների ժամանակաշրջանի ավարտ, ԵՄ-ի հետ բանակցությունների համատեքստում բարեփոխումների հաջող ընթացք (թեեւ, ըստ Կիրակոսյանի, հիմնարար հարցերը որոշված չեն), խորհրդարանական ընտրություններ, որոնք «անցան լավ, բայց ոչ՝ բավական լավ» (նա հատուկ ընդգծեց դինամիկ ընդդիմության ներկայացվածությունը խորհրդարանում), սոցիալ-տնտեսական հատվածում վատ իրադրությունը (բնակչության մեկ երրորդը աղքատության շեմին է), նաեւ՝ բանակի միջադեպերի անթույլատրելի մեծ թիվը: Նրա խոսքով, բարեփոխումներն ընթանում են, բայց մի քանի տարուց տեսանելի կլինեն:





























