2001 եւ 2011թթ.-ի մարդահամարների տվյալներով` ՀՀ բնակչությունը նվազել է 194 157-ով, իսկ 2003 եւ 2013 թթ.-ի ընտրողների թվերի համեմատությունից կարելի է արձանագրել, որ ընտրողների թիվն աճել է 202 346-ով: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով` ընտրացուցակներում առկա է 10,773 հասցե, որոնցում հաշվառված է 10 եւ ավելի ընտրող: Հանրապետությունով մեկ առկա է առանց հասցեի կամ առանց տան/շենքի եւ բնակարանի հասցեի 5,715 ընտրող: Եվ վերջապես, 49,843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա եւ ամսվա տվյալները: Ընտրացուցակներում առկա է 73,087 ընտրող, որոնք ծնվել են մինչեւ 1932թ. հունվարի 1-ը, եւ 5,613 ընտրող` ծնված 1995թ. հունվարի 1-ից հետո: ԹԻՀԿ-ը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկություններն` ուղղված վեր հանված հնարավոր խախտումները չեզոքացնելուն եւ ընտրություններն ավելի թափանցիկ եւ օրինական անցկացնելուն:
Նշենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացնում է 2013 թ. Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ:




























