Անցած տարի առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը կազմել է շուրջ 1,69 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 9,1%-ով:

Հայտնի է, որ տրանսֆերտների ճնշող մասը ստացվում է Ռուսաստանից:  Եթե 2011թ-ին  տրանսֆերտների ամբողջ ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում էր 83,7%, ապա անցած տարի`85,6%: Մյուս երկրներից ստացվող տրանսֆերտների ծավալը նվազել է.  ԱՄՆ-ից  ստացվող տրանսֆերտների ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,8 մլն դոլարով, Ուկրաինայից`  գրեթե 6 մլն դոլարով:

Անցած տարի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը, նախորդ տարվա համեմատ, աճել է  ընդամենը 3,6%-ով:  Ապրանքների վաճառքը (առանց ավտոմեքենայի) բնակչության մեկ շնչի հաշվարկով  ամսական կազմել է մոտ 95 դոլար, ինչը կարելի է շատ ցածր ցուցանիշ համարել:

Միաժամանակ` ծառայությունների մասով իսկական բում է նկատվում. նրանց ֆիզիկական ծավալն անցած տարի, նախորդ տարվա համեմատ, աճել է 10,8%-ով:  Ընդ որում մեծ աճ է արձանագրվել  զբոսաշրջային ( 35,1%)  եւ  հասարակական սննդի (20,9%) ծառայությունների մասով:

Հաշվետու տարում ապրանքների եւ ծառայությունների թանկացման հաշվին լրացուցիչ 42,6 մլրդ դրամ է  վճարվել, այսինքն, այդքան գումար հոսել է դեպի «գնաճ» կոչվող խողովակը:

Այստեղ պետք է հաշվի առնել հետեւյալը.  տրանսֆերտների աճը նշանակում է բնակչության ընդհանուր գնողունակության աճ, եւ գնաճի 42,6 մլրդ դրամը, ըստ էության, չեզոքացրել է տրանսֆերտների «բոնուսը», որն առաջացել էր արտարժույթի փոխարժեքի տատանումից  (որը դոլարի ամրապնդման հաշվին կազմում էր 49,4 մլրդ դրամ):

Ավելացնենք, որ ԿԲ հետազոտությունների համաձայն`  առեւտրային բանկերի միջոցով ստացվում է բոլոր մասնավոր տրանսֆերտների մոտ 80% -ը: Այնպես որ իրականում տրանսֆերտների դերը բնակչության գնողունակության հարցում ավելի մեծ է, քան վերը բերված ցուցանիշները: Դա, իհարկե, վատ չէ, սակայն կապված է որոշակի ռիսկերի հետ: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի տնտեսությունը մեծապես կախված է նավթի արտահանումից, իսկ նավթի միջազգային գները հեռու են կայուն եւ կանխատեսելի լինելուց...

Ալբերտ Խաչատրյան