Մենք փակուղի տանող ճանապարհով ենք ընթանում։ Հայաստանում ընտրությունները ոչինչ չեն փոխում, այլ վերահաստատում են առկա իրականությունը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 16-ի մամուլի ասուլիսում նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
Ի պատասխան երկրի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին հարցին՝ նա նշել է, որ հետաքրքիր հակասականություն կա։ «Բարդ կլինի արտաքին քաղաքականության ռեալիզացիան, անգամ նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի սխալները»,- ասել է քաղաքագետը՝ ընդգծելով Հայաստանում բանավեճերի եւ քննարկումների ցածր մակարդակը։
Անդրադառնալով նախագահական ընտրությունների մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքերին՝ նա ընդգծել է. «Իհարկե, դիվանագետները պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, սակայն ես համաձայն չեմ, որ դա միջամտություն էր մեր պետության ներքին գործերին, դա նրանց պարտականությունն ու առաքելությունն է։ Մյուս սխալը մեր երկրինն է։ Ժողովրդավարական ձեռքբերումների մասով մենք միշտ համեմատվում ենք Ադրբեջանի հետ։ Դա ճիշտ չէ։ Իրաքի եւ Աֆղանստանի դասերը ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը չի կարող դրսից ներդրվել։ Ժողովրդավարությունը պետք է Հայաստանից ծագի եւ Հայաստանի համար լինի։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, բայց ոչ բավարար չափով արագ։ Իմ քննադատությունն ուղված է նրան, որ երկրում կան խնդիրներ, որոնց մասին չեն բարձրաձայնվում, հատկապես՝ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների մասին»։
Նրա համոզմամբ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն անլուրջ է, քաղաքականությամբ զբաղվում են հոբբիի նման, պրոֆեսիոնալ քաղաքականություն գոյություն չունի։ «Ինձ համար առավել հետաքրքրական է այն, թե ինչ տեղի կունենա փետրվարի 18-ից հետո։
Գործող նախագահ Սերժ Սարգսյանը «ժառանգորդ» չունի, նա քաղաքական վերջին էլիտայի ներկայացուցիչն է։ Քաղաքական նոր էլիտան նոր քաղաքականություն կվարի»,- ամփոփել է Ռ. Կիրակոսյանը։




























