«Հայաստանում արտաքին պարտքի մակարդակը շատ բարձր չէ»,-փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը եւ այդ կապակցությամբ մի շարք խորհուրդներ տվեց: Նախ նա ՀՀ իշխանություններին առաջարկեց ձեռք բերել արտոնյալ պայմաններով վարկեր։ Երկրորդ. ընտրել ծախսային այնպիսի ծրագրեր, որոնք օգտակար կլինեն եւ շահույթ կապահովեն։ Եւ երրրորդ. շատ կարեւոր է իրականացնել այդ վարկային միջոցների արդյունավետ ծախսումը եւ բացառել դրանց արտահոսքը: «Եթե այս չափորոշիչները պահպանվեն, Հայաստանն ավելի մեծ պարտքի մակարդակ կարող է ունենալ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե 2013-14 թվականներից սկսած Հայաստանն իր բյուջեի 20 տոկոսի չափով, (մոտ 480 միլիոն դոլար) արտաքին պարտք պետք է փակի եւ արդյո՞ք կկարողանա Հայաստանը վճարել այդքան գումար, ԱՄՀ ներկայացուցիչը պատասխանեց. «Այո, Հայաստանի պարտքային վիճակը համարում ենք կայուն»:
Այնուհետեւ անդրադառնալով ՀՀ բանկային համակարգին, Մ. Լյուիսն ասաց, որ այն առողջ է, ամուր եւ 2009-ի ծանր տարում լավ կառավարվեց:




























