Չինաստանի երկու քաղաքացիներ ԱՄՆ-ում դատապարտվել են դաշնային բանտում 30-ական ամսվա ազատազրկման՝ ՉԺՀ պետական անվտանգության նախարարության օգտին լրտեսության մեղադրանքով, հաղորդում է San Francisco Chronicle-ը։

ԱՄՆ դատախազության տվյալներով՝ 40-ամյա Լիրեն «Ռայան» Լայը և 39-ամյա Յուանսե Չենը տեղեկություններ են հավաքել ԱՄՆ զինծառայողների ու ռազմական օբյեկտների մասին, ինչպես նաև կազմակերպել գումարի գաղտնի փոխանցումներ։ Ազատ արձակվելուց հետո նրանք երեք տարի գտնվելու են վերահսկողության ներքո։

Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել օտարերկրյա պետության գործակալներ գործելու նպատակով դավադրության և առանց ԱՄՆ գլխավոր դատախազին ծանուցելու նման գործունեություն իրականացնելու մեջ։ Դատավճիռը կայացրել է դաշնային դատավոր Ջոն Թայգարը՝ Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում։

Գործի նյութերի համաձայն՝ տղամարդիկ չինական հետախուզության հետ սկսել են համագործակցել ոչ ուշ, քան 2021 թվականի մայիսին։ Լայը հավաքագրել է Չենին և սկզբում միջնորդի դեր կատարել նրա ու չինացի հետախույզների միջև։ Ավելի ուշ Չենը սկսել է առաջադրանքներ ստանալ անմիջապես հատուկ ծառայության աշխատակիցներից։

2022 թվականի հունվարին, երբ երկուսն էլ Չինաստանում էին, նրանք ԱՄՆ-ում գտնվող հանցակիցների հետ պայմանավորվել են մոտ 10 հազար դոլար թողնել Կալիֆոռնիա նահանգի Լիվերմոր քաղաքի մարզաժամանցային համալիրի պահարաններից մեկում դրված ուսապարկում։ Առանց անձնական հանդիպման գումարի կամ տեղեկության գաղտնի փոխանցման այս եղանակը կոչվում է «dead drop»։

Ըստ մեղադրանքի՝ Չենը նաև տեղեկություններ է հավաքել ռազմական օբյեկտների և անձնակազմի մասին։ Նա ստացել է Վաշինգտոն նահանգի Քիթսափ ռազմածովային բազայի լուսանկարները, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայում ռազմածովային ուժերի հավաքագրման կետում նորակոչիկների ու գործող նավաստիների մասնակցությամբ արված լուսանկարներ և տեսանյութեր։ Դատախազության տվյալներով՝ նա հավաքել է նաև ռազմածովային ուժերի աշխատակցի անձնական տվյալներն ու այն զինծառայողների կենսագրական տեղեկությունները, որոնց կարելի էր փորձել հավաքագրել։

Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի մարտին Լայը ժամանել է ԱՄՆ և Չենին հեռախոս փոխանցել՝ չինական հետախուզության հետ գաղտնի կապ պահպանելու համար։ 2024 և 2025 թվականներին Չենը մեկնել է Չինաստան, որտեղ հանդիպել է հատուկ ծառայության աշխատակիցների հետ և ստացել ամերիկացի զինվորականների հետ կապված նոր առաջադրանքներ։

Դատախազության տվյալներով՝ 2025 թվականի մայիսին Լային հանձնարարվել է Ֆինիքսում կազմակերպել գումարի ևս մեկ գաղտնի փոխանցում՝ այս անգամ մոտ 20 հազար դոլարի չափով։ ՀԴԲ-ն երկուսին ձերբակալել է 2025 թվականի հունիսի 27-ին՝ հակահետախուզական գործողության շրջանակում։ Լայն իրեն մեղավոր է ճանաչել 2025 թվականի դեկտեմբերին, իսկ Չենը՝ 2026 թվականի փետրվարին։