«Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին»,- այս կարծիքին է Հայաստանում գտնվող ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը, ով այդ մասին ասել է փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ծովափ չունեցող Հայաստանի համար փակ սահմանը բարդացնում է տնտեսության վիճակը, մեծացնում տրանսպորտային ծախսերը, սասանում մրցակցությունը: Իսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, դա, ըստ Լյուիսի, կհանգեցնի տրանսպորտային ծախսերի, հետեւաբար նաեւ ներմուծվող ապրանքների գների նվազման, կբարձրանա բնակչության կենսամակարդակը: ԱՄՀ ներկայացուցչի խոսքով, ճիշտ է դա ավելի կուժեղացնի մրցակցությունը Հայաստանի ներսում, բայց ամբողջության մեջ, սահմանը բացելու ազդեցությունը կլինի դրական եւ կօգնի, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային կենտրոն:
Նկատենք, որ նման կենտրոն դառնալու գաղափարի մասին մենք մինչ այդ լսել էինք միայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից ու հիմա առաջին անգամ դա հնչում է նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցչի շուրթերից:




























