BRICS երկրների գագաթնաժողովում, որ ընթանում է հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում, սկանդալ է ծագել ՌԴ նախագահի թիկնապահների մասնակցությամբ: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը պարզել է դեպքի մանրամասները, որն ավարտվել էր քաշքշուկով:
Տեղական անվտանգության ծառայությունը Վլադիմիր Պուտինին առանց արգելքների ներս էր թողել մամուլի կենտրոնի շենք, իսկ նրան ուղեկցող պատվիրակությանը, այդ թվում` թիկնազորին, անջատել էին նախագահից եւ բառացիորեն դուրս մղել դռնից: «Այն նույն գաղտնի արկղիկներով, որ նրանք միշտ կրում են իրենց հետ եւ մի վայրկյան բաց չեն թողնում»,- գրում է թերթը:
Նախագահական թիկնազորը բողոքել է, անգլերենի վատ իմացության պատճառով թերեւս, անցել են ժեստերի լեզվին: Թերթը նաեւ գրում է, որ աֆրիկացի թիկնապահին հաջողվել է դուրս մղել ռուս թիկնապահներին: Աֆրիկացիները նույնիսկ փորձել են դուրս հանել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ Ռուսաստանի նախագահի` միջազգային հարցերով օգնական Սերգեյ Ուշակովին:
Մի քանի րոպե անց նախագահի թիկնապահներին թույլ են տվել մտնել, ճիշտ է` հետեւի մուտքից:











