Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 00.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Օպել Աստրա» մակնիշի 35 LV 287 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել եւ բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել` 00.57-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Վթարի հետեւանքով վարորդ` 27-ամյա Հ. Հովհաննիսյանը եւ ուղեւոր` 29-ամյա Ա. Զոզանյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «1-03» ծառայության աշխատակիցների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Թալին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւան քաղաքի «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են լավ: