Ներկայումս Հայաստանի ներքաղական իրավիճակը բավականին աշխույժ է, սակայն նախագահական ընտրությունների ժամանակ սուր քաղաքական բանավեճեր չեն եղել, յուրաքանչյուր թեկնածու իր քարոզարշավն էր կազմակերպել՝ իրեն հարմար ոճով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Հետընտրական ժամանակաշրջանում մենք տեսանք, որ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այդ կարգավիճակին է հասել ընտրությունների արդյունքում, ակտիվ պայքար սկսեց եւ պատրաստվում է ապրիլի 9-ին իր երդմնակալությունն անցկացնել»,-ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հարցն այն է, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը տեսնում լուծումը, իսկ նա դա տեսնում է Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունն ինքնակամ լքելու մեջ: «Այս ողջ ձգձգվող գործընթացը հանգեցրել է նրան, որ նրա համար Ազատության հրապարակում ստեղծված բարենպաստ մթնոլորտը վերացել է, քանի որ մարդկանց մոտ կասկածներ են առաջացել այն բանից հետո, երբ խոսքը գնացել է պաշտոնների մասին»,-ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ իշխանությունն ու Ազատության հրապարակն անհամատեղելի են: «Դա նշանակում է իշխանությունը կիսել ժողովրդի հե՞տ, ինչպես պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իշխանությունն անբաժանելի է, այն ծառայում է ժողովրդի խնդիրների լուծմանը, իշխանությունը կամ վերադարձնում են ժողովրդին, կամ այն խլում են»,-ասել է Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ՝ եթե Սերժ Սարգսյանը գողացել է իշխանությունը, ապա ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցելու նրա հետ: «Ինչպես կարելի է նրան առաջարկել կիսել այդ գողացված իշխանությունը: Անհրաժեշտ է ակտիվացնել ժողովրդին եւ գնալ «թավշյա հեղափոխության» ճանապարհով, կարելի է նաեւ հարցումներ կազմակերպել եւ հարցնել, թե ով ում օգտին է քվեարկել, այդկերպ ապացուցելով, որ իրականում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում»,-ամփոփել է Հմայակ Հովհաննիսյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























