Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների Զատիկը` այդ թվում նաեւ նորընտիր Ֆրանցիսկոս պապին, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի կայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատրիարքի շնորհավորանքն են ստացել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Անգլիական միության Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Նիկոլաուս Շնայդերը, Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու առաջնորդ Կարի Մյակինենը:

«Այսօր քրիստոնյաների առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած. մի շարք տարածաշրջաններում շարունակվում են արյունահեղ հակամարտությունները, չի դադարում մարդկանց միջեւ թշնամանքը, փորձեր են արվում դուրս մղելու քրիստոնեական արժեքները հանրային կյանքից: Սակայն ինչքան էլ բարդ լինի մեզ շրջապատող իրականությունը, մենք բոլորս պետք է հաղթենք  այս աշխահի չարիքը` ոգեշնչվելով Աստծո խոսքերով: Ամբողջ հոգով Ձեզ ցանկանում եմ Զատկի լուսավոր ուրախություն, քաջառողջություն եւ Աստծո օգնությունը ձեր պատասխանատու ծառայությունում»,-ասված է պատրիարք Կիրիլի ուղերձում: