Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը չի պատրաստվում Արարատից «դուրս շպրտել» «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «դուրս շպրտելու» մասին, իբր, իր կողմից արված արտահայտության մասին տարածված տեղեկությունները բացահայտ հերյուրանք են: «Սրանք ինչ-որ ուժերի թելադրանքով լարում են ուզում առաջացնել եւ ընկել են իմ հետեւից: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին գիտեմ որպես ԱԳ նախկին նախարար: Խնդրեմ, թող գա, ի՞նչ դուրս շպրտելու մասին է խոսքը: Արարատն իմ սեփականությո՞ւնն է, ինչ է: Արարատը ժողովրդի քաղաքն է»,- ասաց Արարատ քաղաքապետը:
Հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ գնա մասնակցի այդ հանրահավաքին Բաբայանը պատասխանեց. «Այսօր մեռելոցի օր է: Սուրբ Զատիկի հետ կապված խնամուս տուն եմ հրավիրված: Եթե հասցրեցի, անպայման կգնամ, ինչ խնդիր կա: Ես մարդուն ոչ թե վտարող եմ, այլ իմ կյանքում հյուրընկալ տղա եմ: Ինքն էլ այստեղ ընտրողներ է ունեցել եւ այդ քայլին չեմ գնա»:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է հյուրասիրություն կազմակերպի Րաֆֆի Հովհաննիսյանի համար, նա արձագանքեց. « Հյուրասիրելը չէ, բայց կկանգնեի կլսեի, թե ինչ են խոսում»:




























