Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սարդարապատ շարժման նախաձեռնող, Շուշի առանձնակի գումարտակի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը` անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մարտական ընկերոջս՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին: Հրաչն ազնիվ ու սկզբունքային մարդ էր եւ չէր հաշտվում անարդարության ու ապօրինության հետ: Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: