Պռոշյանի գյուղապետարանի առաջ սպանված գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանը 2005թ անընդմեջ երեք անգամ ընտրվել է գյուղապետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ 50-ամյա գյուղապետը ամուսնացած էր, ուներ 4 երեխա` երկու որդի եւ երկու դուստր:

Արսեն Համբարձումյանը նրան բնութագրեց որպես մարտական փառահեղ ուղի անցած, առաջին օրվանից մինչեւ վերջին օրը պայքարած անձնավորություն, բազմազավակ ընտանիքի հայր: «Նախկինում դեպքեր եղել են, տարբեր միջոցներով եւ մեթոդներով ահաբեկելու, այսինքն` սա հանգուցալուծումն էր»,- ասաց նա` չհայտնելով, թե ում կողմից են եղել ահաբեկումները: Արսեն Համբարձումյանը նշեց, որ իրավապահ մարմինները տեղյակ էին այդ մասին:

Ինչ վերաբերում է գյուղապետի սպանությունն իր գործունեության հետ կապելուն, ՀՅԴ անդամը ասաց. «Մեր երկրի իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ էլ որ իր գործունեությունը չէր կարող կապ չունենալ»:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյան գյուղում միջադեպ էր գրանցվել գյուղապետի մասնակցությամբ: Վերընտրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ծեծկռտուք էր եղել գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա մրցակից Արթւոր Մուրադյանի կողմնակիցների միջեւ: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսեւորել:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am