Ընտրությունների արդարությանը շատերը չեն հավատում, որովհետեւ՝տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ եւ ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել եւ խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի զեկույցի ընտրություններին վերաբերող հատվածում:

Զեկույցում նաեւ նշվել է.

«Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության 20 ահազանգերի պարագայում 4-ը բացահայտվել են:

Ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որեւէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

Ստացված 293 ահազանգերի  դեպքերից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:

Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների եւ այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից: Հետեւաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ եւ բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք:

Անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի մաս չի ծառայել իր նպատակին, քանի որ օգտագործված թանաքը հեշտորեն հնարավոր էր հեռացնել անձնագրերից:

Ընդդիմադիր ուժերի եւ որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է եւ կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել  այն տեղամասերում, որտեղ  միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը:

Ընտրություններն ավելի ազատ էին, որովհետեւ՝

•         Թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որեւէ խախտում չի արձանագրվել:

•         Թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների եւ հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր:

•         Պատշաճ կարգով պահպանվել են ՀՀ Նախագահի թեկնածուների քարոզչության լուսաբանման եւ խոսքի ազատության ապահովման օրենսդրական պահանջները եւ հավասար հնարավորություններ են ընձեռվել բոլոր թեկնածուների համար:

•         Շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը:

•         Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձեւապաշտությունը (ֆորմալիզմը):

•         ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից առաջադրված է եղել թվով 20690 վստահված անձ եւ հանձնաժողովի անդամներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը  1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) ունեցել է առաջադրած անդամներ:  Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են միայն 12 վերահաշվարկի դիմում եւ միայն 70 քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչելու դիմում (118 տեղամասերում):

•         Ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ:

•         Ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում ապահովվել է անձանց ազատ տեղաշարժվելու եւ հավաքներին մասնակցելու իրավունքը:

•         ՀՀ Ոստիկանության եւ ՀՀ Դատախազության կողմից ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդումները ավելի մանրամասն են ուսումնասիրվել եւ առավել հստակ տվյալներ են տրամադրվել քննության արդյունքների վերաբերյալ:

•         Ընտրախախտումների ահազանգերի բնույթը ըստ համայնքների հիմնականում տարբեր է եղել, հետեւաբար ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ եւ չեն իրագործվել միասնականորեն մշակված եւ մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով:

2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ ամբողջական զեկույցին՝ ընտրակաշառքների, կրկնաքվեարկության եւ ընտրակեղծիքների այլ դեպքերին ու ահազանգերին մանրամասն  կարող եք ծանոթանալ՝ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի ինտերնետային կայք: