Ողջունելի է այն փաստը, որ գալիք ընտրությունների հետ կապված Վարդան Օսկանյանին վերջապես հետաքրքիր են դարձել քաղաքային տնտեսությանը վերաբերող հարցերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
«Օսկանյանը հանկարծ իր համար բացահայտել է քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը՝ առանց իրեն նեղություն տալով հետաքրքրվելու, որ տարիներ շարունակ այդ հարցերը միշտ օրակարգում են ու ուշադրության կենտրոնում, կամ, ասենք, րազդանի կիրճի բարկարգման հարցը, որի հետ կապված քաղաքային իշխանություններն արդեն իսկ երկար ժամանակ ծրագիր են իրականացնում: Չէի ուզենա Օսկանյանին հիասթափեցնել կամ անտեղի ոգեւորությանը սառը ջուր լցնել , բայց ստիպված եմ, քանի որ նրա թվարկած դեկլարատիվ հայտարարությունները որեւէ կոնկրետ փաստ չակերտավոր ասած քննադատության մասով չեն պարունակում եւ որեւէ նորամուծություն ծրագրային թեզերի մասով չեն առաջարկում: Քարոզարշավի ընթացքում խոստանում ենք պարոն Օսկանյանի համար քաղաքային տնտեսության ծրագրերի լիկբեզ կազմակերպել: Արդյունքների մասին՝ հաջորդ դասին»,- նշեց նա:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել նոր գրառումով, կապված առաջիկա ընտրության հետ: Նա գրել էր. «Հրազդանի կիրճը, որը Երեւանի ամենագրավիչ հանգստյան վայրերից է, պետք է շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու՝ ստեղծելով համապատասխան անվճար հարմարություններ, բարեկարգելով մերձափնյա տարածքները եւ կանոնակարգելով մասնավորի գործունեությունն այդ տարածքում: Նորից կցանկանամ շեշտել, որ քաղաքի խնդիրներն անթիվ-անհամար են՝ վերելակներից մինչեւ կրթություն, առողջաապահություն եւ այլն: Եվ ես իրոք կուզենայի, որ առաջիկա շաբաթներին մենք ընտրարշավի ընթացքում կարողանանք եւ՛ մրցակից ուժերի, եւ՛ հանրության հետ քաղաքակիրթ բանավեճ ունենալ քաղաքի զարգացման խնդիրների շուրջ: Դրանից կշահենք մենք՝ բոլորս»:



























