Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն ապրիլի 7-ին Գյումրիից Երեւան երթ է կազմակերպում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների հանրահավաքի ընթացքում հայտնել է քաղաքի կուսակցական կառույցի համակարգող Վահագն Հովհաննիսյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

 «Ապրիլի 7-ի առավոտյան ոտքով Գյումրիից կուղեւորվենք Երեւան: Երթը մեկնարկելու է Թատերական հրապարակից: Քանի որ ճանապարհը երկար է, կոչ ենք անում, որ մասնակցեն միայն ֆիզիկապես պատրաստված անձինք, այդ թվում՝ երիտասարդները: Դրանով նրանք կապացուցեն, որ պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները», - ասել  է ընդդիմադիրը:

Հիշեցնենք, ապրիլի 9-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ընտրությունների արդյունքները չճանաչող Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի կենտրոնում մտադիր է բողոքի խոշոր զանգվածային միջոցառումներ անցկացնել: