Այլեւս ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել հայ ժողովրդի վրա: Այդ մասին ապրիլի 2-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Գյումրի քաղաքում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մենք հաղթահարեցինք մեր վախերն ու սպառնալիքները: Չմեջբերեմ Չարենցին, բայց այլեւս ոչ մի զոհ: Եթե թշնամին ձեռք բարձրացնի հայի վրա, նա արժանի հակահարված կստանա: Այլեւս երբեք հայը չպետք է ձեռք բարձրացնի այլ հայի վրա, լինի դա քաղաքացիական անձ, ոստիկան, թե ուրիշ ինչ-որ մեկը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իշխանություններին մեկ շաբաթ է մնացել, որ շահագործման եւ կեղծիքի քաղաքականության վերջը տրվի. «Մեկ շաբաթ անց, ապրիլի 9-ին մենք համաժողովրդական հանրահավաքի կհավաքվենք Երեւանում: Իշխանության մնացել է մեկ շաբաթ»,- ասել է նա:
Նշենք, որ ապրիլի 9-ին կայանալու է Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը բողոքի ակցիա է անելու:




























