Ոստիկանությունն անդրադարձել է ԲՀԿ երիտասարդի` ոստիկանական բաժանմունք հրավիրվելու մասին տեղեկություններին:
«Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների: Սրանով ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու հերթական փորձն է արվում՝ դրանից դիվիդենտներ շահելու հեռակա նպատակով: Իրականում տեղի է ունեցել հետեւյալը: Այս տարվա մարտին ոմն Արմեն պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող, չգործող պտուղբանջարեղենի կրպակներից մեկը վարձակալելու մասին: Կրպակատերը հետագայում որոշել է այն հետ վերցնել եւ դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել վարձավճարը: Դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով վարձակալը հրավիրվել է ոստիկանություն:
Ինչպես տեսնում եք՝ ոչ ոք բերման չի ենթարկվել, առավել եւս՝ չի ձերբակալվել, եւ հաղորդագրությունը որեւէ աղերս չունի իրականության հետ»,- հայտնել են ոստիկանությունից:
Նրան կրկին հիշեցրել են, որ ոստիկանությունը վերկուսակցական եւ վերքաղաքական կառույց է, ծառայում է օրենքին ու ժողովրդին, գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առանց տարբերակում դնելու ոստիկանություն հրավիրված քաղաքացու կուսակցական եւ ցանկացած այլ պատկանելության մեջ:
«Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, նման հայտարարություններ տարածելուց առաջ ճշտել փաստերը, իսկ եթե որեւէ մեկին թվում է, թե այս կամ այն կուսակցության պատկանելը դրոշակ դարձնելով կարելի է բարձրացնել, ապա, հավաստիացնում ենք, խոր մոլորության մեջ է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ տարբեր հարցերով այցելում են ոստիկանություն, եւ նրանց կուսակցական պատկանելությունը իրավական հետեւանք չի ունենում ու չի կարող ունենալ: Օրենքի առաջ հավասար են բոլորը»,- հայտնել են ոստիկանությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ակտիվիստ Արմեն Ղարսյանն այսօր` ապրիլի 2-ին, հրավիրվել է ոստիկանություն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին`ինչ-որ քաղաքացու ինչ-որ դիմումի հիման վրա ինչ-որ պարզաբանումներ տալու համար: Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այս պահի դրությամբ այլ մանրամասների չի տիրապետում:


























