ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար անընդունելի է, երբ փոքրամասնություն լինելով խոսում են ամբողջ ժողովրդի անունից: Այս մասին նա ասաց այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ անընդունելի է նաեւ ապրիլի 9-ին «հարամել» երդմնակալության արարողությունը, այլ պետք է շնորհավորել ընտրված նախագահին:

Նրա խոսքով՝ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքում ասել է «մեր դեմ խաղ չկա»: «Պատկերցնում ենք, որ նման արտահայտություն աներ ՀՀԿ-ականներից մեկը ինչ աղմուկ կբարձրացնեին»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու առթիվ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ դա պետք է իրենից հարցնել, նաեւ հավելեց, որ պետք է համախմբված լինեն հաշվի առնելով նաեւ արտաքին մարտահրավերները: «Նախագահին պետք է օգնեն, ոչ թե՝ խանգարեն»,- ասաց Կարինե Աճեմյանը:

Անդրադառնալով Պռոշյանի դաշնակցական գյուղապետի սպանությանը, նա ասաց, որ չի կարելի այդ դեպքը քաղաքականացնել, այլ պետք է պարզել սպանության դրդապատճառները նոր միայն խոսել դրանց մասին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am