«Արմավիա» ավիաընկերությունը չկարողացավ դուրս գալ 2009թ ֆինանսական ճգնաժամից եւ բարելավել վիճակը: Այս մասին այսօր՝  ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ մի շարք ավիափոխադրողներ հայտնվեցին այդ վիճակում, եւ այս առումով սպասելի էր այն, ինչ տեղի ունեցավ: «Ազգային ավիափոխադրողը, որն ուներ լիցենզիա, դրա ավարտին հայտարարեց ընկերության սնանկացման մասին:  Այս պատկերը կանխատեսելի էր: Պետք է ակնկալենք, որ նոր ընկերություն պետք է գա եւ փոխարինի «Արմավիային», շատ ավելի մեծ եւ հզոր պոտենցիալ ունենա, ապահովության բարձիկ, որ նման ցնցումների պարագայում զերծ պահի ընկերությունը սնանկացումից»,- նշեց պատգամավորը:

Նրա կանխատեսմամբ՝ քանի որ մեր շուկան մեծ չէ, մեծ չի լինի հզոր ավիաընկերությունների հետաքրքրությունը մեր շուկայի նկատմամբ, եւ պետք է ունենանք այնպիսի ավիափոխադրող, որի ապահովության երաշխիքները հնարավոր ցնցումների պարագայում շատ ավելի մեծ լինեն, քան «Արմավիայինն» է:

Նա կարեւորեց պետության դերը եւ միջամտությունն այս հարցում՝ շեշտելով, որ շրջափակման պարագայում ավիափոխադրողը դառնում է  որոշակիորեն տնտեսական աճը խթանող կամ կանխող:

«Պետությունն անմասն չի մնացել եւ առաջիկայում եւս պետք է իր մասնակցությունն ունենա»,- ասաց նա: Իսկ թե ով պետք է վճարի ավիաընկերության պարտքերը, Մինասյանը նշեց, որ  սնանկացման գործընթացը հաստատված է եւ հստակ սահմանված է օրենքով:

Դիտարկմանը, թե «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների պատճառով ավիաընկերությունները չեն համաձայնում գալ եւ Հայաստանում աշխատել, նա պատասխանեց. «Խնդիրն այն է, որ իրականացրեցինք մեծ շինարարություն եւ այսօր ունենք բավականին լուրջ եւ ներկայանալի օդանավակայան, բնականաբար այդ գումարները պետք է վերադարձվեն: Կարծում եմ՝ լուծումն այն է, որ  եթե ավիափոխադրողն իրականացնի շատ ավելի մեծ քանակի չվերթներ, ավիաընկերությունը կունենա մեծ եկամուտներ եւ օդանավակայանին տալու գումարը ծանր չի նստի իր վրա»,- ասաց Գագիկ Մինասյանը: