«Առաքելություն» կուսակցությունը Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում հանդես կգա երկու կարգախոսներով. «Ապրում ենք Երեւանում, ապրում ենք Երեւանով» եւ «Երեւանը մեր առաջին առաքելությունն է»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունը ստեղծվել է բառացիորեն երկու ամիս առաջ: «Կուսակցությունները քաղաքական կյանքում կարող են կառավարության մաս կազմել բացառապես ընտրությունների միջոցով, ուստի մենք որոշել ենք մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»,-ասել է նա:
Կուսակցության նախագահը հայտնել է, որ իրենց նախընտրական ծրագիրն արդեն մծակվել է: «Մենք կօգտվենք օրենքով սահմանված բոլոր քարոզչական հնարավորություններից»,-ասել է Առաքելյանն ու հավելել, որ դեռ չեն որոշել, թե Երեւանի որ վարչական շրջանից են սկսելու իրենց քարոզարշավը:
«Առաքելություն» կուսակցության մեկ այլ անդամ՝ Մանուկ Սուքիասյանը, նշել է, որ իրենց կուսակցությունը մրցակիցներ չունի ընտրություններում, այլ հենց մյուս կուսակցություններն ի դեմս «Առաքելության» մրցակից ունեն:
Անդրադառնալով ընտրազանգվածի աջակցության հեռանկարներին, Սուքիասյանը նշել է. «Մեր իրականության մեջ նոր կուսակցությանը դժկամությամբ են ընդունում, սակայն պարզ է մեկ բան՝ ոչ ձայները, ոչ քաղաքական ուժերի վարկանիշները չեն կարող հավերժ լինել»:




























