Ով խաբում եւ թալանում է ժողովրդին, արժանի չէ նրան: Այդ մասին այսօր՝ ապրիլի 3-ին, հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ելույթ ունենալով Գեղարքունիքի Մարտունի քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ նրա՝ միայն ամոթով կարելի է հիշել նրանց, ովքեր ինքնակամ տնօրինել են ժողովրդի կամքն ընտրությունների ընթացքում: «Ես ծնունդով այս վայրերից եմ, եւ ես ամաչում եմ այն բանի  համար, ինչ տեղի է ունեցել Գավառում, Մարտունիում, Սեւանում: Այստեղ՝ Մարտունիում, մեկ ընտանիք եմ ճանաչում, որից 14 հոգի Հայաստանից դուրս են: Եվ նրանց բոլորի ձայներն անօրինաբար տնօրինել էին իշխանության ներկայացուցիչները»,-ասել է Հակոբյանը:

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իշխանությունները միտումնավոր են ապատեղեկացնում սովորական քաղաքացիներին եւ գյուղի կիսագրագետ ղեկավարներին՝ այլափոխելով հանրահավաքներում ասվածները: «Անցյալ անգամ, երբ ես այստեղ եկա, ես ժողովրդի մեջքին հարվածողներին անվանեցի ներքին թուրքեր: Այս մարզի իշխանություններն իմ խոսքերը շուռ էին տվել: Բոլորին տարածել էին, իբր ես ձեզ բոլորիդ թուրք եմ անվանել: Ուրեմն հիմա լսեք ինձ, Գարեգին Նժդեհի կենացը հոտնկայս խմողներ:  Հիշեք նրա խոսքերը: Ով խաբում է հային, հայ չէ: Ով թալանում հային, հայ չէ: Լսիր, Գեղարքունիքի մարզպետ:   Վախեցնելով մարդկանց՝ դու ոչնչի չես հասնի: Իմացիր՝ դու չես ճնշի ժողովրդի կամքը», – սպառնացել է Հակոբյանը: