«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` «ԲՀԿ-ն պետք է որոշի, թե որ կողմում է գտնվում» հայտարարությանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլընտրանք է, մենք մեզ տեսնում ենք այդ դաշտում` լավին` լավ, վատին` վատ ասելով, եւ մենք ինչ-որ քաղաքական տեսակետներ հայտնելուց անպայման հաշվի ենք առնում մեր այլընտրանքային դիրքորոշումը շատ հարցերի նկատմամբ»:

Նա նշեց, որ ԲՀԿ-ի` նախագահական ընտրությունների մասին քաղխորհրդի հայտարարությունն արվել է, եւ հետընտրական զարգացումների մասին որեւէ բան չունի ավելացնելու: «Եթե ԲՀԿ-ն ասելիք ունենա, կլինի պաշտոնական կարծիք, տեղեկություն»,- ասաց Վահան Բաբայանը:

Հարցին, թե համաձա՞յն եք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որ «ԲՀԿ-ի համար մոտենում է ճշմարտության պահը», նա պատասխանեց, որ դա հռետորական հարց է: «Ի՞նչ է նշանակում, որ ԲՀԿ-ի համար մոտենում է ճշմարտության պահը: Այդ հարցը ինքնին տեղին չէ, որովհետեւ ԲՀԿ-ն ամեն օր աշխատում է, որպեսզի կարողանա կազմակերպել ավելի բարեկեցիկ, լավ երկիր դառնալու գործընթացը, եւ մեր գործունեությունը թափանցիկորեն երեւում է նաեւ խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին ԲՀԿ խմբակցության մասնակցությանը, նա նշեց, որ այդ հարցով այս պահին որեւէ բան չի կարող ասել: Իսկ թե ինքը անձամբ, որպես պատգամավոր, կմասնակցի՞ նիստին, թե՝ ոչ, Վահան Բաբայանը նշեց, որ ինքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եւ կատարում է խմբակցության որոշումները: Թե երբ ԲՀԿ խմբակցությունը կքննարկի ապրիլի 9-ի նիստին մասնակացության ձեւաչափը, պատգամավորը տեղյակ չէր:

Հիշեցնենք, որ  Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» համար մոտենում է ճշմարտության պահը: «Յուրաքանչյուրի համար մոտենում է որոշում կայացնելու ժամանակը՝ լինի դա ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը,  թե արտախորհրդարանական  կուսակցությունները: «Բարգավաճ Հայաստանն» էլ բացառություն չէ, այն պետք է որոշի, թե որ կողմում է կանգնում», – ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը: