Հանրային լրագրության ակումբը հրավիրում է լրագրողներին եւ հանրային թղթակիցներին` մասնակցելու «Ընտրությունների լուսաբանում»  գործնական դասընթացի:

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը ընդունում է «Ընտրությունների լուսաբանում» դասընթացի մասնակցության հայտեր:

Դասընթացը նախատեսված է քաղաքացիական, հանրային թղթակիցների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ընտրական գործընթացը լուսաբանելու համար անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ։

Դասընթացը վարելու են փորձառու մասնագետներ (իրավաբաններ, լրագրողներ, դիտորդներ): Դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները մասնակից հանրային թղթակիցները կարող են գործնականում կիրառել նախընտրական եւ ընտրության օրերին։

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ընտրական օրենսդրությանը, ընտրական գործընթացների ընթացքում արձանագրվող հնարավոր խախտումներին ու դրանց մասին ահազանգելու միջոցներին: Կներկայացվեն նաեւ ընտրությունների անկողմնակալ լուսաբանման մեթոդները, լրագրողական էթիկայի կանոններն ու լրագրողի սոցիալական պատասխանատվությանը վերաբերող տեղեկատվություն:

Դասընթացի ավարտին մասնակիցները կզինվեն ընտրական գործընթացները լուսաբանելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Մասնավորապես՝

• Ինչպե՞ս լուսաբանել նախընտրական քարոզարշավը

• Ինչպե՞ս կազմակերպել լրագրողական աշխատանքն ընտրական տեղամասում

• Ինչպիսի՞ն է ՏԻՄ ընտրությունների ընթացակարգը

• Ի՞նչն է համարվում ընտրախախտում

• Որո՞նք են դիտորդների եւ վստահված անձանց լիազորությունները

• Որո՞նք են լրագրողի իրավունքները եւ պարտականությունները ընտրությունները լուսաբանելու ժամանակ

Դասընթացի մասնակիցներից 10-ը կընտրվեն ՏԻՄ ընտրությունները MyNews.am հանրային թղթակցության հարթակում լուսաբանելու համար:

Դասընթացի եւ ընտրությունների լուսաբանման ծրագրի մասնակիցները կարող են իրենց պատրաստած նյութերը ներկայացնել ՀԼԱ կողմից հայտարարված «Ընտրություններն իմ աչքերով» հանրային թղթակցության մրցույթին, որին խաղարկվելու է Անդրոիդ համակարգով հեռախոս:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են համառոտ կենսագրությունը /CV/ լրացված հայտի հետ միասին ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին` կցելով առավելագույնը 3 թղթակցային/լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ: Ուղարկվող էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում նշել «Ընտրությունների լուսաբանում»: