Քարվաճառի տարածքում, նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ, «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ գործը կարճվել է  Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, որոնցից է այն, որ անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար: «Մեղավոր անձը` վարորդը` պայմանագրային զինծառայող Երեմյանը, դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն, խախտել է ճանապարհային երթեւեկության կաննոների պահանջները, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը»,- ասաց Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ գործի կարճման օրինականությունը ստուգվել է նաեւ զինդատախազի կողմից:

Նշենք, որ Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու փաստի առթիվ Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 377 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  երկու կամ ավելի անձանց մահ):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին զինվորներ տեղափոխած  «Ուրալը» Քարվաճառում` «Հարուրի ձոր» կոչվող տեղանքում գլորվել էր ձորը: Վթարի հետեւանքով զոհվել էին մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Հովհաննեսի Երեմյանը (Ապարան, գյուղ Մուլքի), եւ պայմանագրային զինծառայողներ Մանվել Սանթրոյի Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Սանասար Վաչիկի Փիլոյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Գագիկ Կամոյի Վարդանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ):

Վթարի հետեւանքով վիրավորվել էր 15 զինծառայող.

1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,

2. սերժանտ Գեւորգ Մնացականի Գեւորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,

3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,

4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,

5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,

6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,

7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,

8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,

9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,

10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,

11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,

12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,

13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ից,

14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,

15. շարքային Մանուկ Լեւուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից: