Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հետեւողական տեմպերով վատթարանում են, քանի որ չեն լուծվում գոյություն ունեցող խնդիրները, որոնք կարող էին արդյունավետորեն լուծվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով՝ երկկող հարաբերություններում խնդիրների նախաձեռնողն ադրբեջանական կողմն է: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականությունը փակուղ է մտել, ինչը նրա կողմից վարվող «նավթային» քաղաքականության տրամաբանական արդյունքն է: Բացի այդ, Ադրբեջանը բացահայտ թշնամաբար է վերաբերում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ լրիվ սպասելի էր Ադրբեջանի կողմից ռուսական ռազմական տեխնիկայի գնումների դադարեցումը:
Ջամալյանը նաեւ ընդգծեց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման հարցում ոչ անկարեւոր դեր է խաղում նաեւ Ադրբեջանի ռազմական համագործակցությունն Իսրայելի հետ: «Այդ հանգամանքը նույնպես չի կարող ողջունվել Մոսկվայի կողմից: Ավելին, Ադրբեջանն ինտենսիվորեն ներկայացված է հակաիրանական նախագծերում, ինչը նույնպես չի կարող անտարբեր թողնել Մոսկվային»,-ասաց ռազմական հոգեբանը: Նրա համոզմամբ՝ դրա շնորհիվ Հայաստանի դիրքերը տարածաշրջանում ամրապնդվում են եւ ռուսական պետության համար ավելի ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում վստահելի դաշնակիցը հենց Հայաստանն է:




























