NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 3-ի երեկոյան 22.00-ի սահմաններում Դվին գյուղում հորեղբոր սպանելու դեպքի վերաբերյալ:
Մեզ հաջողվել պարզել, որ նրանց միջեւ առաջացած վիճաբանությունը կապված է եղել հայրական տունը բաժանելու խնդրի հետ: Գյուղացիները պատմեցին, որ նրանց միջեւ պարբերաբար վիճաբանություններ էին լինում հայրական տան հետ կապված, հորեղբայրը ամեն կերպ ցանկանում էր վերցնել տունը ընտանիքի ձեռքից եւ պարբերաբար այդ խնդիրը լուծելու համար այցելում էր գյուղ:
Հորեղբարը 42 տարեկան Արտուշ Խաչատրյան էր, իսկ նրան դանակահարող եղբոր որդին` 19 տարեկան Րաֆֆի Խաչատրյանը, վերջինս սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Նրա հայրը մահացել է բանակում, երբ վերջինս ընդամենը 4 տարեկան էր: Երիտասարդը ապրում է մոր հետ, ով ուսուցչուհի է: Նա տան միակ արու զավակն է քույրը ամուսնացած է: Համագյուղացիները մեզ պատմեցին, որ նրա հորեղբայրը ամուսնացած է, ունի երեխաներ, տեւական ժամանակ Երեւանում էր բնակվում, իսկ եղբոր ընտանիքը` գյուղում:«Եկել, նստել, իրար հետ խմել, վիճել են, հասցրել է, էն էլ խփել է էլի»,- պատմեց գյուղացիներից մեկը:
Ի դեպ, գյուղացիները նշում են, որ «Րաֆֆիենց ընտանիքը նորմալ ընտանիք է, աշխատավարձով ապրող մարդիկ են»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպանություն է տեղի ունեցել Դվին գյուղում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով` այդ գյուղի բնակիչ Րաֆֆի Խաչատրյանը սպանել է հորեղբորը: Նրանք վիճել են, ինչից հետո վերջինս դանակահարել է հորեղբորը, եւ նա տեղում մահացել է: Րաֆֆի Խաչատրյանը ձերբակալված է:


























