Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը ոչ միայն հնարավոր է բացահայտել, այլեւ հրամայական է ճշմարտությունը բացահայտելը: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր «Ժառանգության» անդամների հետ մասնակցել է Հրաչ Մուրադյանի հոգեհանգստի արարողությանը:
«Սա գրագետ հարված էր մեր պետության ազգի եւ յուրաքանչյուր քաղաքացու դեմ»,-ասել է նա «Ազատություն» www.azatutyun.am ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում:
Հարցին, թե արդյոք այս սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, հաշվի առնելով, որ Երեւանին մոտ գտնվող բավական մեծ համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա հարված էր պետության դեմ, ազգի դեմ, եւ որպես ազգի մասնիկ, նաեւ ՀՅԴ-ի դեմ, բոլորիս դեմ: Ես միանում եմ համազգային պահանջին, որ գործող իշխանությունն իր ստից ու կեղծիքից, անիրավ երդմնակալության ծրագրից դուրս գա եւ ժողովրդին ճշմարիտ պատասխան թե՜ Հրաչի սպանության պահով, թե՜ ապագային միտված ազգի միասնության հրամայականի պահանջով»:
Անդրադառնալով Հրաչ Մուրադյանի հիշատակին կազմակերպվելիք մոմավառությանը, «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Ես տեղյակ չեմ մոմավառության մասին: Եթե դա քաղաքացիական նախաձեռնություն է, ես կմիանամ, բայց ես դեմ եմ ցուցադրականությանը եւ որեւէ կազմակերպություն կամ կուսակցություն չպետք է Հրաչի եղերական մահով փորձի քարոզչություն կատարել, իր գովազդն անել: Միանում եմ ցանկացած անկեղծ պոռթկման, բայց նաեւ դատապարտում եմ, եթե որեւէ մեկը փորձի սեփականաշնորհել Հրաչի եղերական մահը: Ես վստահ եմ, որ այս մահը այն ջրբաժանն է, որը բերելու է ազգային միասնության, գիտակցության, որ առանձին-առանձին մենք թույլ ենք: Միանում են մոմավառությանը, բայց մերժում եմ նրանց, ովքեր Հրաչ ասելով, հայրենիքի դրոշը բարձրացնելով, ուզում են իրենց մասին հիշեցրել»:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























