Սեւանի քաղաքապետը հետ է կանչել «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Աստղիկ Ղազարյանի դեմ ուղղված դատական հայցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Աստղիկ Ղազարյանը: Նրա խոսքով՝ կուսակցության ներկայացուցիչները իրեն իրավական աջակցություն են ցուցաբերել: «Այո, որոշ ժամանակ առաջ իմ դեմ հայց էր ներկայացվել, բայց օրերս Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն» խմբակցության քարտուղար-խմբ) ինձ համար իրավական աջակցություն կազմակերպեց Փաստաբանների պալատից: Նրանց օգնության շնորհիվ հայցը հետ կանչեցին»,-հայտարարեց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հայցի հիմք էր դարձել մարտի 9-ին Սեւան քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Զրույցի ժամանակ նրանց տեսակետները կտրուկ տարբերվել էին նախագահական ընտրությունների օրինականության վերաբերյալ: Երբ Սեւանի քաղաքապետը հերթական անգամ հայտարարել էր, թե ընտրակեղծիքների մասին բոլոր հայտարարություններն անհիմն են, Աստղիկ Ղազարյանը արձագանքել էր, որ ընտրախախտումներն անձամբ իր աչքով է տեսել: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու է ստորագրել ընտրական հանձնաժողովի արձանագրության տակ, նա պատասխանել էր. «Միթե հասկանալի չէ»: