Կրասնոյարսկի Լենինյան շրջանում տղամարդը կրակ է բացել տրամվայի ուղղությամբ, նրան ձերբակալել են, հաղորդում է ՆԳՆ Կրասնոյարսկի մարզային վարչության մամուլի ծառայությունը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, ովքեր ձերբակալել են տղամարդուն, առգրավել գազային ատրճանակը եւ մի քանի փամփուշտներ, հաղորդում է «ԱԻՖ»-ը:

Ականատեսների փոխանցմամբ՝ հացի գործարանի կանգառում, երբ ուղեւորներն իջել են, երիտասարդը գրպանից հանել է ատրճանակը, մի քանի կրակոց արձակել տրամվայի ուղղությամբ եւ փորձել թաքնվել:

Տրամվայի կոնդուկտորը նկարագրել է կրակողի արտաքին տվյալները եւ նրան ձերբակալել են ավտոբուսի սրահում: Սրահում գտնվող ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Տրամվայում կոտրվել են կողային երեք ապակիները, հասցված վնասի չափը ճշտվում է:

Պարզվել է, որ կրակողը մարզկենտրոնի 25-ամյա բնակիչ է, ով նախկինում դատապարտվել է ծանր հանցագործություն կատարելու համար: Նա կրակելու ժամանակ հարբած է եղել եւ ոստիկաններին չի կարողացել բացատրել նման արարքի դրդապատճառները:

Տեսանյութում, որը ոստիկանությունը տեղադրել է ՆԳՆ գլխավոր վարչության YouTube-ի ալիքում, երիտասարդն ասել է, որ «կրակում էր առնետների վրա, որոնք վազվզում են նկուղում»: