Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, նաեւ ՔԿԱԳ ոլորտներում աշխատող կանանց:
Շնորհավորելով ներկաներին` Տարոն Մարգարյանն, ընդգծելով կանանց դերն ու զգալի ավանդը հասարակական կյանքում, շնորհակալություն է հայտնել նրանց հարազատ քաղաքի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
«Այս հրաշալի տոնի նախօրեն եւս մեկ առիթ է, որ ասենք՝ շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ դուք կաք, որ մեր կողքին եք ու որ օգնում եւ օժանդակում եք մեզ՝ տղամարդկանց, մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործում:
Համոզված եմ, որ ինչպես եղել է մինչեւ հիմա, այսուհետ նույնպես շարունակելու եք նվիրումով ձեր ավանդը բերել մեր սրտի մայրաքաղաքի բարօրությանը՝ վաղն այն ավելի լավը տեսնելու ձեր անսասան հավատով»,- մեկ անգամ եւս շնորհավորելով բոլորին` նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում նշված ոլորտների 29 աշխատակիցներ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով:
Ընդունելության ներկաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության եւ գնահատանքի համար ու վստահեցրել, որ, քաղաքապետի կողմից մշտական ուշադրությունն ու հոգածությունը նաեւ պարտավորեցնում է:




























