Հայաստանի կառավարության պատրաստած տնտեսության առանձին ոլորտների զարգացման ռազմավարությունները կարող են օգտակար լինել բիզնեսի համար: Ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով, այդ ռազմավարությունները կողմնորոշիչների դեր են խաղում մասնավոր հատվածի համար եւ հեշտացնում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը: «Միասին աշխատելով` կառավարությունն ու բիզնեսը կարող են առավել արդյունավետ նոր շուկաներ գտնել, չկրկնելով իրար, այլ, ընդհակառակը, կիսվելով տեղեկատվությամբ»,- կարծում է Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է 2013թ. բյուջեին, տնտեսական հարաբերությունների զարգացման համար նախատեսված գումարը համեմատաբար փոքր է` 300 մլն դրամ (մոտ 740 հազար դոլար): «Հազիվ թե այդքանը բավարար է ինչ-ինչ խոշոր ծրագրերի իրացման համար, բայց այդուհանդերձ, ուրախ ենք, որ բյուջեում նման ծախսային մաս է հայտնվել»,- նկատել է Սաֆարյանը:

Նշենք, որ կառավարությունը ռազմավարություններ է մշակել 11 ոլորտների համար, այդ թվում` կոնյակի արտադրություն, դեղագործություն, սննդի արդյունաբերություն եւ այլն: