Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թ համայնքային բյուջեով մայրաքաղաքում նախատեսված ծրագրերը, որոնցում ամենամեծ բաղադրիչն, ըստ նրա, բաժին է ընկել գլխավոր ու երկրորդական ճանապարհների, բակերի ու պուրակների բարեկարգմանը:
Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվելու են 2.5 մլն քմ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ: Ըստ այդմ, կհիմնանորոգվի 30 փողոց՝ ներառյալ մայթերի բարեկարգումն ու եզրաքարերի փոխարինումը: Զուգահեռաբար ընթացիկ նորոգման կենթարկվի 300 փողոց: Այս, ինչպես նաեւ բակերի ասֆալտապատման ծրագիրը՝ 500 հազար քմ ծավալով, արդեն մեկնարկել է:
Ասֆալտբետոնե ծածկով կփոխարինվի հողային պաստառով 25 ճանապարհահատված: Այս տարի մայրաքաղաքում կավելանա եւս 2 խոշոր ճանապարհաշինական հանգույց`Իսակովի պողոտայից -Լենինգրադյան փողոց, եւ Ուլնեցի փողոցից- Ռուբինյանց փողոց ուղղություններով: Այս տարի Երեւանը կունենա եւս 8 վերգետնյա անցում:
Քաղաքում կարեւորագույն սոցիալական խնդիր է 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելը: Գույքագրված 10 շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը ներառված է կառավարության միջնաժամկետ ծրագրում: Դրանցից երկուսն, ի դեպ, ընդհանուր թվով 226 բնակարանով, այս տարի շահագործման կհանձնվեն քաղաքապետարանի ծրագրերով` Մարգարյան 37 եւ Սիսակյան 22 հասցեներում: Մեկնարկել են Ազնավուրի եւ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից հրապարակների սալիկապատման աշխատանքները: Կյանքի կկոչվեն նաեւ մայթերի բարեկարգման 2 տարբեր ծրագրեր: Ի լրումն նախորդ տարվա ծրագրի, վարչական շրջաններում կարգի կբերվեն 18 խոշոր հենապատեր: Կամո Արեյան հատկանշել է, որ այս տարի եւս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական ծրագրերում հաշվի կառնվեն հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիների պահանջները: Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 մլն. դրամ է հատկացվել շուրջ 200 թեքահարթակների կառուցման համար: Միջոցներ են հատկացվել նաեւ 40 շենքերի կախովի պատշգամբների նորոգման, շքամուտքերի բարեկարգման, ինչպես նաեւ շենքերի ներկման ու կարգաբարեկարգման ծրագիրը: Իսկ կամարանցումների նորոգման ու նկարազարդման գործընթացը արդեն մեկնարկել է:
Կամո Արեյանը նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի վճռական դիրքորոշումը ոռոգման ցացերի եւ կանաչապատ տարածքների ավելացման վերաբերյալ: Այս տարի մայրաքաղաքում ոռոգման ցանցը կերկարի եւս 20 կմ: 1.5 հեկտարով կավելանան ծաղկապատ տարածքները, 12 հեկտարով` սիզամարգերը: Զուգահեռաբար կշարունակվի «Փարոս» ռեստորանի հարակից բլրի ոռոգման ցանցի ձեւավորումը: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ավարտված են Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքում: Քաղաքապետի տեղակալի հավաստմամբ , գրեթե միաժամանակ, երկու հատվածներում էլ կմեկնարկի անտառաշերտի վերականգնման ծրագիրը: Մայրաքաղաք են ներկրվել շուրջ 5000 գնդաձեւ ակացիաներ, որոնք, քաղաքային տնկարանում աճեցված այլ դեկորատիվ ծառերի հետ միասին, մայրաքաղաքի փողոցներում ու բակերում կտնկվեն առաջիկա ծառատունկի ժամանակ:
Կամո Արեյանը հատուկ անդրադարձել է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրին, նշելով, որ այն մշտապես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում է եւ 2013 թվականին կիրականացվի ավելի մեծ ծավալներով: Մայրաքաղաքում կբարեկարգվի եւ նոր տեսք կստանա հանգստի եւս 5 խոշոր գոտի, անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով ու ենթակառուցվածքներով: Մինչեւ օգոստոսի 1-ը մայրաքաղաքում կավարտվի թվով 27 մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը: Համայնքային բյուջեի միջոցներով ավարտին կհասցվի նաեւ 16 գրադարանների, 6 երաժշտական ու արվեստի դպրոցների,մշակույթի կենտրոնների եւ 2 թանգարանների ջեռուցման ծրագիրը: Այսպիսով, քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատություններում նույնպես ջեռուցման խնդիրն ի սպառ կվերանա : Հուրախություն պատանի երեւանցիների՝ մինի ֆուտբոլի դաշտերի թիվն էլ այս տարի Երեւանում կավելանա եւս 18-ով:
Ամփոփելով, Կամո Արեյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խնդիր է դրված քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշները:




























