«Արմավիա» ավիաընկերությունն իր աշխատակիցներին չի վճարել 3 ամսվա աշխատավարձ: Աշխատավարձային պարտքերը մարելու նպատակով ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել «Արմավիայի» ինքնաթիռներից մեկը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց կառավարության մոտ կանգնած աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշում կայացվել է ապրիլի 4-ի երեկոյան քննարկումներից հետո:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը մարտի 29-ին հայտարարություն տարածեց սնանկության գործընթաց սկսելու մասին, իսկ ապրիլի 1-ից դադարեցրեց թռիչքները: Ընկերությունը պարտքեր ունի ոչ միայն աշխատակիցներին, այլեւ բանկերին ու մի քանի օդանավակայանների: Ընկերության պարտավորություններն, ըստ որոշ գնահատականների, մոտ 30 մլն դոլար է:
Ինչ վերաբերում է «Արմավիայի» տոմսեր գնած քաղաքացիներին, ապա հնարավոր է` դրանց փոխարեն առաջարկվեն այլ ավիաընկերությունների տոմսեր: Ըստ նույն աղբյուրի` ռուսական մի շարք ավիաընկերություններ պատրաստակամություն են հայտնել սպասարկել «Արմավիայի» տոմսեր ունեցող քաղաքացիներին:




























